Իսպանիայում, Բելգիայում եւ Գերմանիայում հակաահաբեկչական խոշոր գործողություն է իրականացվել, որի արդյունքում ձերբակալվել է հինգ մարդ, որոնք պատկանում են «Եվրոպայի անվտանգության համար լուրջ, կոնկրետ եւ տեւական վտանգ ներկայացնող» խմբի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Իսպանիայի ՆԳՆ-ին: 

Հայտարարության մեջ ասված է, որ ձերբակալվածներից չորսն ազգությամբ իսպանացի են, եւս մեկը` մարոկկացի:  Նրանք անդամակցել են լավ կազմավորված միավորի, որն իրականացրել է ահաբեկչական ԴԱԵՇ կազմակերպության հրահանգները` գործելով ինտերնետում տարբեր ուղիներով:   

Գործողություններն իրականացվել են Բարսելոնում, Մելիլիայում (Իսպանիա), Բրյուսելում (Բելգիա) եւ Վուպպերտալում (Գերմանիա):

Ձերբակալվածներն իրենց գաղափարներն են տարածել, մասնավորապես` «անձնական ջիհադի» կոչ են արել ինտերնետով, այդ թվում`    Facebook-ում էջով, որի բաժանորդ է եղել 32 հազար մարդ: Էջում տեղադրված նյութերն իսպաներեն են եղել:   

Իսպանիայի ՆԳՆ-ն հաղորդում է, որ խմբավորումը զբաղվել է «տեղեկատվական սարսափ տարածելով» (լուսանկարներ, տեսանյութեր տարածելով, գովաբանելով ահաբեկչական գործողությունները, ատելությամբ լի ուղերձներ եւ սպառնալիքներ տարածելով), ի հայտ բերելով հետեւորդների, որոնց կոչ են արել անդամակցել ԴԱԵՇ-ին եւ մեկնել հակամարտությունների գոտիներ, ԴԱԵՇ-ին կոնտակներ տրամադրելով, կրոնական էթնիկական պատկանելիությամբ պայմանավորված ատելություն տարածելով: 

Գործողությանը մասնակցել են Իսպանիայի, Գերմանիայի եւ Բելգիայի իրավապահ մարմինները: 

2015 թվականի կեսից, երբ Իսպանիայում ահաբեկչական վտանգի չորրորդ մակարդակ է մտցվել,   143  մարդ է ձերբակալվել ահաբեկչական գործունեությանը հանցակցության կասկածով: Նրանցից 113 մարդ` Իսպանիայի տարածքում, 30-ը` այլ երկրների: