«Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը հոկտեմբերի 19-ից բանտում անժամկետ հացադուլ կսկսի: Նրան մեղադրում են մի շարք հանցագործությունների մեջ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը:

Այս տարվա ապրիլին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել` անհապաղ ազատ արձակել լրագրողին եւ նրան 28 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել: Անցած շաբաթ Եվրադատարանի Մեծ պալատը հաստատել էր այդ որոշումը` որով անհիմն էին համարվել լրագրողի հանդեպ ահաբեկչության, ազգային  եւ կրոնական տարանջատման հրահրման, հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրանքները: Այս մեղադրանքներով Ֆաթուլլաեւը 2007-2008 թվականներին 8,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Ադրբեջանի կառավարությունը փորձել էր բողոքարկել Եվրադատարանի որոշումը, սակայն տանուլ էր տվել գործընթացը:

Դրանից հետո, այս տարվա հուլիսին լրագրողը 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութեր օգտագործելու համար: ֆաթուլլաեւը պնդում է, որ իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները «սարքված են»: