Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում սեպեմբերի 26-ին անցկացված հանրաքվեի վերաբերյալ, հայտնում է  contact.az-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած ընտրական գործընթացի կոպիտ խախտումներին, ԿԸՀ-ն  գրանցել է քվեարկության արդյունքները եւ հաստատել Սահմանադրության փոփոխությունները: «Ընդունելով քվեարկության արդյունքները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտել է սեփական պահանջները: Արդյունքները հաստատվել են, չնայած կեղծարարության ակնհայտ փաստերին. քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ, դրանք արձանագրողների եւ դրա դեմ բողոքողների ձերբակալություն եւ այլ խախտումներ», հայտնել է կազմակերպության փոխտնօրեն Ռոբերտ Հերմանը: 

«Դրանով անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների հանդեպ», - հավելել է նա: Հայտարարության մեջ հիշատակվում է, որ ԿԸՀ-ն հայտնել է, թե բնակչության  90 տոկոսն իր աջակցությունն է հայտնել սահմանադրության փոփոխություններին, ինչպես նաեւ հիշեցնում է, որ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովն առաջարկված փոփոխությունները ոչ  ժողովրդավարական է ճանաչել: