Երեկ համաձայնեցված հայ-թուրքական արձանագրությունների հրապարակված տեքստերում լիովին արտացոլված են միջազգային պայմանագրերով որոշված սահմանների ճանաչման պահանջը եւ մասամբ՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի «սառեցումը»:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Մայիլյանը նկատեց, որ նախկինում թուրքական կողմը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար առնվազն երեք նախապայման էր առաջադրում. Թուրքիայի հետ ներկայիս պետական սահմանի ճանաչում Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքների բացառումը եւ Ղարաբաղի ազատագրած տարածքների հանձնումը Ադրբեջանին: «Հետո եղան ազդանշաններ առ այն, որ Անկարան պատրաստ է գնալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, եթե այդ երեք նախապայմաններից գոնե մեկը կատարվի»,- արձանագրեց Մայիլյանը եւ հավելեց."Արձանագրությունների հրապարակված տեքստերում լիովին արտացոլված են միջազգային պայմանագրերով որոշված սահմանների ճանաչման պահանջը եւ մասամբ՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի «սառեցումը»:
Ըստ ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարի՝ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծմամբ Թուրքիան, փաստորեն, լրացուցիչ փաստարկ կստանա այն երկրների խորհրդարանների հետ հարաբերություններում, որոնցում աշխատանք է տարվում 1915 թվականին կատարված հանցագործության ճանաչման ուղղությամբ: «Այս երկու տարրերը պիտի որ հայ հանրության բացասական արձագանքին արժանանան»,- բարձրաձայնեց Մայիլյանը, որպես դրական հանգամանք արձանագրելով փաստը, որ արձանագրություններում բացակայում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջեւ անմիջական կապը: «Թվում է, Անկարան մոտ է այն բանի ընկալմանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս վիճակը չի կարող խոչընդոտ լինել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ առկա խնդիրների համապարփակ կարգավորման ճանապարհին: Հուսանք, որ նման ընկալման գործում նկատվող առաջընթացը հերթական անգամ կողմնակի ազդեցություններց չի տուժի»,- ամփոփեց Մասիս Մայիլյանը:




























