Փարիզի քրեական դատարանը Անն Սոֆի Լեկլերին դատապարտել է 3000 եվրո տուգանքի այն ֆոտոմոնտաժի հրապարակման համար, որը արդարադատության նախկին նախարար Քրիստիան Տոբիրուին համեմատում է կապիկի հետ, հայտնում է RFI–ն:

Լեկլերը, որը 2014-ի մունիցիպալ ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել «Ազգային ճակատ» կուսակցության կողմից, այդ ֆոտոմոնտաժի հեղինակը չէ, բայց նրան մեղավոր են ճանաչել ռասսայական պատկանելիության հիման վրա վիրավորանքի համար: Նրա փաստաբանը նշել է, որ պատիժը «խորհրդանշական» է, քանի որ իր պաշտպանյալը արդեն «հատուցել» է կատարածի համար՝ դառնալով «թիրախ մամուլի ու արդարադատության համակարգի համար»: Նա նաեւ հիշեցրել է, որ Լեկլերը ներողություն է խնդրել դատավարության ժամանակ, նաեւ ստիպված է եղել փակել իր ամսագիրը ու ենթարկվել է «սոցիալական օստրակիզմի»:

2014-ի հուլիսին Կայեննայի քրեական դատարանը ԱՆՆ Սոֆի Լեկլերին դատապարտել էր ինը ամսվա ազատազրկման ու 50 000 եվրո տուգանքի, նրան նույնիսկ արգելել էին հինգ տարվա ընթացքում ընտրովի պաշտոններ զբաղեցնել:

Լեկլերի փաստաբանը դատարանին հիշեցրել է կայենյան դատավարության ու այն մասին, որ օրենքը արգելում է երկու անգամ նույն մարդուն դատել նույն հանցագործության համար: Սակայն Փարիզի քրեական դատարանը մերժել է այդ միջնորդությունը: