Բանակցային գործընթացը ունակ չէ վերջնական լուծում տալ Ղարաբաղյան հակամարտությանը, դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկի վրա ճնշում գործադրվի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, խնդրի ռազմական լուծումը եւս քիչ հավանական է, քանի որ ներկա ստատուս քվոն ձեռնտու է բոլորին, այդ թվում նաեւ Թուրքիային:

Միաժամանակ, Մինասյանը հատուկ ընդգծեց, որ ստատուս քվոն, առաջին հերթին, ձեռնտու է Հայաստանի համար, դրա համար էլ հայկական կողմը, հաճախ մեղմ գնահատականներ է տալիս Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, որպեսզի պատերազմ չսադրի եւ չխախտի ստատուս-քվոն: Փորձագետի խոսքով, Ադրբեջանի եւ Թուրքիայի տարատեսակ սպառնալիքները պարզապես հայտարարություններ են, քանի որ այդ երկրները կարող են Հայաստանի վրա միայն տնտեսական ճնշում բանեցնել՝ շրջափակման տեսքով;

Մինասյանը կանխատեսեց, որ մինչեւ Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովը, ղարաբաղյան հարցում լուրջ առաջընթաց չի ակնկալում: «Հնարավոր է, որ համանախագահները որեւէ կրեատիվ առաջարկ կներկայացնեն»,- նկատեց փորձագետը՝ հավելելով, որ Աստանայում շրջանակային որեւէ փաստաթուղթ կստորագրվի:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գնահատման առաքելությանը, Մինասյանի խոսքով, այն միայն բանակցային գործընթացի ակտիվացման պատրանք ստեղծելու նպատակ է ունեցել: Փորձագետը չի բացառել նմանատիպ առաքելություն Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական հողերում: Դիտարկմանը, թե համանախագահները Ստեփանակերտը անվանում են նաեւ Խանքենդի, փորձագետը պատասխանել է, թե այդկերպ համանախագահները ցանկանում են ընդգծել, որ բանակցությունները բխում են նաեւ Ադրբեջանի շահերից: