Փարիզում մանկասայլակներ գողացած 4 հոգանոց ավազակախմբի գործը դատարանին է փոխանցվել, հայտնում է AFP-ն:

Քննության վարկածի համաձայն, հանցագործությունները կատարվել են 2015-ի օգոստոսից 2016 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում:  Արդյունքում առնվազն 160 մանկասայլակ է գողացվել, պատմել է Փարիզի 5-րդ եւ 6-րդ ենթաշրջանների ոստիկանատների հետաքննությունների ծառայության ղեկավար Եվա Դեւիկտորը: Նա պատմել է, որ հանցագործները («գնչուների թվից») միշտ հետեւյալ սխեման են օգտագործել. «մի քանի հոգուց կազմված խումբը (հաճախ` երեխաների ուղեկցությամբ, որպեսզի ուշադրություն չգրավեն) մտել է փարիզյան մանկամսուրների մանկասայլակների համար նախատեսված բաժանմունք»: Հետագայում հանցագործները գողացված մանկասայլակները վաճառել են մասնավոր հայտարարությունների կայքերի միջոցով: 

Սեպտեմբերի 17-ին, մի քանի ամիս տեւած որոնումներից հետո, ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել չորս կասկածյալի` տղամարդու եւ երեք կնոջ  («որոնց թվում անչափահասներ կան») փարիզյան արվարձաններում` Էսոնի եւ Վալ դե Մարնի դեպարտամենտներում: Խուզարկության ընթացքում ոստիկանությունը զենք է հայտնաբերել, մի քանի մանկասայլակ  եւ   14 հազար եվրո կանխիկ գումար:

Քննությունը ենթադրում է, որ գողոնի ընդհանուր արժեքը կարող է հասնել  100 հազար եվրոյի: