Թուրքիայի իշխանությունները «ահաբեկչության քարոզչության» պատրվակով 20 հեռուստաալիք եւ ռադիոկայան են փակել` ներառյալ մանկական ալիք, հայտնում է Reuters-ը: 

Բոլոր փակված հեռուստաալիքները եւ ռադիոկայանները պատկանում են կամ կառավարվում են երկրի քուրդ կամ ալեւի փոքրամասնության կողմից:  Հեռուստաալիքներից մեկի` IMC TV-ի խմբագիր Համզա Ակտանը գործակալությանը հայտնել է, որ իշխանությունների այդ գործողությունները ոչ մի կապ չունեն պետական հեղաշրջման փորձի հետ:  «Դրանք վերջին անկախ մեդիաներին լռեցնելու փորձեր են` թաքցնելու պետության կողմից հանցագործությունները», - ասել է նա:

Փակված 12 հեռուստաալիքների թվում է Govend TV-ն, որն ազգային երաժշտություն է հեռարձակում, եւ Zarok TV-ն, որը քրդերենով մուլտֆիլմեր է հեռարձակում:  «Երբ իշխանությունները մանկական հաղորդումներում ազգային անվտանգությանը սպառնալիք են տեսնում, դա արտակարգ լիազորությունների ակնհայտ չարաշահում է», - հայտնել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի նախագահ Ռոբերտ Մոհոնեյը: