Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը NEWS.am-ին հայտնել է, որ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի տարածքում գյուղացիներից հողեր խլելու հետ կապ չունի, դա իր եղբայրն է անում` Գագիկ Աբրահամյանը:

«Ինձ հայտնի է, որ իմ եղբայրը ցանկանում է այնտեղ գործարան  կառուցել, բայց խնդիրներն ինձ հասկանալի չեն: Եթե կան ինչ-ինչ խնդիրներ, մենք բոլորս պետք է սովորենք դրանք իրավական հարթության վրա լուծել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով, բիզնեսում զգացմունքները տեղին չեն: «Բիզնեսն ու զգացմունքները տարբեր հասկացություններ են: Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, ինձ հայտնի է որ եղբայրս գործարան է ուզում կառուցել: Ես որեւէ կապ չունեմ դրա հետ»,- ասել է նա:

Նշենք, որ օրերս լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե  արաբ մի շեյխի ներդրումների անվան տակ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանը փորձում է շուրջ 100 քաղաքացիներից հողեր խլել ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի սահմաններում: Աբրահամյանները շեյխի հետ համատեղ որոշել են հենց այդ հատվածում հանքային ջրերի գործարան կառուցել կամ էլ զվարճանքի փոքրիկ քաղաք, որի հետեւանքով շուրջ 100 քաղաքացի ստիպված է լինելու զրկվել իր ունեցվածքից: ՀՀ էկոնոմիկայի «եվրոնախարար» Ներսես Երիցյանի գործուն ջանքերով այդ հատվածը ճանաչվել է գերակա հանրային շահ: Քաղաքացիները դիմել էին  դատարան` բողոքարկելով ՀՀ կառավարության որոշումը, սակայն դատարանը մերժել է հայցը` «հալած յուղի տեղ ընդունելով» կառավարության որոշումը: