Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի եւ նրա հանցակիցների սկանդալային գործի մասին։

haqqin.az–ի տեղեկություններով՝ Բաքվի մետրոպոլիտենի նախկին պետ Թագա Ահմեդովի ցուցմունքից պարզ է դարձել, որ հատկապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ԱԱՆ գլխավոր վարչության նախկին պետ Աքիֆ Չովդարովն իր աշխատակից Ռասուլ Ռասուլովի միջոցով իրենից 3 մլն մանաթ (մոտ 3 մլն դոլար) է շորթել։ Պաշտոնյան որոշ ժամանակ դիմադրել է, սակայն հարազատներին սպառնացող վտանգը ստիպել է Ահմեդովին տեղի տալ։

Երբ Չովդարովը սպառնացել է կալանավորել Թագա Ահմեդովի որդիներին եւ զարմիկներին, պաշտոնյան սկսել է զանգել Էլդար Մահմուդովին։ Սակայն նախարարը չի պատասխանել զանգերին։ 5-6–րդ զանգի հետո հեռախոսը վերցրել էր նախարարի օգնականը, նրա ազգական Վուգար Մահմուդովը, որն ասել էր, թե Էլդար Մահմուդովն այդ գործը հանձնարարել է Աքիֆ Չովդարովին, եւ Թագա Ահմեդովը պետք է նրա հետ լուծի իր հարցերը։

«Էլդար Մահմուդովն ասում է, որ Դուք հարցերը լուծեք Չովդարովի հետ»,– ասել է Վուգար Մահմուդովը։ Երբ Թագա  Ահմեդովը հասկացել է, որ Էլդար Մահմուդովը տեղյակ է շանտաժից, որոշել է գումար վճարել Չովդարովին։ Հատկանշական է, որ ոչ այդքան բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյայի մոտ նման գումար է եղել։