ՊԲ հյուսիս-արեւելյան դիրքերից մեկում սեպտեմբերի 7-ին մահացած 19-ամյա Արման Ղանդիլյանի հայրը` Ալիկ Ղանդիլյանը, կասկածներ ունի, որ որդուն դիտավորյալ սպանել են: Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում:

 «Ծառայակիցը բացատրություն է տվել, որ վախեցել է, թուրքի տեղ է դրել, բայց ես չեմ հավատում: Դա ինձ չի բավարարում ու դրա մասին քննչականում էլ բացտրությունում եմ գրել»,- ասաց նա:

Զինծառայողի հայրը, նշեց, որ կարծում է` քննչական մարմինը պարզապես չի ցանկանում դիտարկել մահվան այլ վարկած. «Առաջ է քաշվում պատահականության վարկածը, քանի որ խփողն էլ` կա, ընդունել է, որ ինքն է արել ու էլ գլխացավանք չեն ուզում ունենան, ուրիշ վարկածներով չեն զբաղվում»,- ասաց նա:շ

Հոր մոտ կասկածներ են առաջացել, քանի որ որդին դեպքից առաջ իրեն զանգահարել, ասել էր, որ իր մոտից գողություն են արել:

Հիշեցնենք, որ հոր տեղեկություններով՝ մեղադրյալ կա՝ որդու ծառայակից Հայկ Սեյրանյանը, որը որպես դիտորդ նշանակված է եղել հերթապահության: Նա ըստ մահացածի հոր, ցուցմունք է տվել, որ հողաթմբի վրա Ղանդիլյանի գլխի սիլուետը նկատելով նրան շփոթել է հակառակորդի հետ եւ կրակել: 

1997թ. ծնված Արման Ղանդիլյանը ձախ այտի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:30-ի սահմանում: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արման  Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Արմեն Ղանդիլյանը Գավառ քաղաքի բնակիչ էր, ընտանիքի միակ զավակը: Նա մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ: