Օգոստոսին Հայաստանում մանրածախ առեւտրաշրջանառության ծավալն ընթացիկ գներում կտրուկ կրճատվել է՝ 12.6 մլրդ դրամով կամ 10%-ով: Նշենք, որ այս միտումն ի հայտ է եկել դեռեւս անցյալ տարեսկզբից:
Բառացիորեն կործանարար դարձավ «առեւտրի այլ օբյեկտների» շրջանառության անկումը՝ 9.6 մլրդ դրամի կամ 40%-ի չափով: Ստացվում է, որ Հայաստանի առեւտրում վերոնշյալ հետընթացն ուղղակիորեն կապված է այն օբյեկտների հետ, որոնք զբաղված են ավտոմոբիլային եւ կենցաղային վառելիքի վաճառքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից խոշոր բաժանորդների համար բնական գազի սակագինը 7%-ով նվազել է: Բայց մայրաքաղաքում ավտոմեքենայի մեկ լիցքավորումն օգոստոսին էժանացել է ընդամենը 0.5%-ով:
Հունվար-հունիսին ավտոգազալցակայաններին գազի մատակարարումները կրճատվել են 4.2%-ով: Հարկ է ենթադրել, որ օգոստոսին մատակարարումներում որեւէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն՝ հեղուկ գազն «առեւտրի այլ օբյեկտների» շրջանառությունում երկնիշ անկման պատճառ չի եղել: Իսկ ինչպիսի՞ն է վիճակը ավտոմոբիլային մյուս վառելիքի՝ բենզինի եւ դիզելի մասով:
Հաշվարկների համաձայն՝ հունվար-հունիսին բենզինի եւ դիզվառելիքի ընդհանուր ռեսուրսները, գնային արտահայտությամբ, կրճատվել են 6 մլրդ դրամով կամ 9%-ով:
Ընթացիկ տարում Հայաստանի ֆիզիկական անձանց արտերկրից (հիմնականում՝ Ռուսաստանից) դրամական փոխանցումների զգալի անկումը շարունակվել է: Ռուսաստանից մեկ փոխանցման միջին մեծությունն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է ընդամենը 164 դոլար կամ 79 հազար դրամից քիչ պակաս: Հասկանալի է, որ Ռուսաստանում մեր «միջին» աշխատանքային միգրանտը գումար է ուղարկում ոչ թե ամեն օր, այլ աշխատավարձ ստանալիս: Այսինքն՝ ամսական փոքր գումար:
Գաղտնիք չէ, որ աշխատանքային միգրացիայի հիմնական պատճառն աղքատությունն է: Հնարավոր է՝ դրամական փոխանցում ստացողներից ինչ-որ մեկն անձնական ավտոմեքենա ունի, եւ այդ գումարի մի մասը ծախսում է այն պահելու համար: Բայց նման դեպքերն ավելի շատ բացառություն են, քան կանոն: Այդ պատճառով դրամական փոխանցումների կրճատումն ավելի շուտ կանդրադառնար խանութների, այլ ոչ լցակայանների վրա:
Սմբատ Գրիգորյան




























