Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի, իսկ հայ-թուրքական գործընթացը, որ արտաքին քաղաքականության ձեռբերումներից մեկը հայտարարվեց, բխում էր գերտերությունների շահերից։  Հոկտեբերի 19-ին կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Ըստ նրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը այդպես էլ չկարողացավ սեփական շահերից բխող քաղաքականություն վարել։ «Գործընթացի սկզբում բոլորին «վարդագույն ակնոցներ հագցրին» ու փորձեցին համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու, իսկ հետո երբ գործընթացը այլ կերպ սկսեց ընթանալ, այն ավելի մեծ ուժով սկսեց վնասել։ Իմ կարծիքով, սա դիվանագիտական բացառիկ ապաշնորհություն է»,- նշեց Մելիքյանը։

Նրա համոզմամբ՝ հայ-թուրքական գործընթացը չի կարող կանխորոշել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, քանի որ երկուսն էլ գերտերությունների շահերով են պայմանավորված։

«Հայաստանի ապաթուրքականությունը եւս ձեռնտու է գերտերություններին, քանի որ նրանց շահերը ներկայումս այդ են թելադրում»,- նշեց դիվանագետը՝ ընդգծելով, որ իշխանությունը պետք է փորձի ձեւավորել ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն։