Գրիգորի Այվազյանի հայտարարությունները, թե Ադրբեջանում զանգվածային ջարդերից Հայաստան գաղթած հայ փախստականները ցանկանում են վերադառնալ Ադրբեջան, պարզապես քարոզչություն է, եւ կառուցված է թույլ հիմքերի վրա։ NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի հանրապատության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ ավելացնելով, որ Այվազյանը նման հայտարարություններ կատարելիս չի կարող խոսել Ադրբեջանից բոլոր գաղթածների անունից։

«Ես սա ասում եմ, որպես փախստականների հարցերով զբաղված մարդ: Որեւէ մեկը նման հայտարարություն կատարելու դեպքում չի կարող խոսել բոլորի անունից, Գրիգորի Այվազյանի բարձրացրած հարցը, ըստ իս, անիրատեսական է»,- նշեց Մելիքյանը։

Անդրադառնալով Գրիգորի Այվազյանի` Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն՝ Մելիքյանը նշեց, որ Այվազյանի այդ հայտարարությունը կարող է աշխատել հօգուտ Ադրբեջանի։ «Բաքուն արդեն արձագանքել է, որ ցանկացած Ադրբեջանի քաղաքացի կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց թեկնածուները պետք է վերջին 10 տարում բնակված լինեն Ադրբեջանում»,- նկատեց Մելիքյանը՝ ավելացնելով, որ Այվազյանի քարոզչության հետեւանքները հնարավոր է, ամբողջությամբ աշխատեն Հայաստանի դեմ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am –ը, ներկայումս Հայաստանում ապրող Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացի Գրիգորի Այվազյանը պաշտոնապես հայտարարել է, որ ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում: Բռնի տեղահանված Այվազյանը համապատասխան նամակով դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը: