Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, թե 10-15 տարուց Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմը կհանվի: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հանդես գալով ֆրանսիական Դովիլ քաղաքում, համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, Սարկոզին ասել է, թե իր անձնական կարծիքով 10-15 տարուց ՌԴ-ն եւ Եվրամիությունը կմտնեն միացյալ տնտեսական տարածք՝ ընդհանուր անվտանգության հայեցակարգով:

Սարկոզին, Մեդվեդեւն ու Մերկելը հույս են հայտնել, որ վիզային ռեժիմը հանելու վերաբերյալ քննարկումները առաջընթաց կգրանցեն դեկտեմբերին` Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովում:

Նշենք, որ ֆրանսիական Դովիլում շարունակվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների՝ Դմիտրի Մեդվեդեւի, Նիկոլա Սարկոզիի եւ Անգելա Մերկելի բանակցությունները:

Գլխավոր թեման ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի մեղմացումն է, եվրաանվտանգության պայմանագրի ստորագրումը, Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը, Իրանի ատոմային ծրագիրը: