Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ուղեկցվել է տարատեսակ լուրջ թերություններով եւ խախտումներով: Այս մասին նշված է «Քաղաքացիական հասարակության պլատֆորմ» հասարակական միավորման հայտարարության մեջ, հայտնում է contact.az-ը:

Սահմանադրության մեջ առաջարկված 29 փոփոխություններից 14-ն ուղղակիորեն վերաբերում էին երրորդ բաժնին: Սակայն Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է, որ երրորդ բաժնում նախատեսված իրավունքներն ու ազատությունները չեն կարող հանրաքվեի դրվել դրանք սահմանափակելու նպատակով, նշված է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ, հանրաքվեի գործընթացը շատ առումներով հակասում էր  ինչպես հենց Ադրբեջանի Սահմանադրությանը, այնպես էլ երկրի վավերացրած միջազգային պայմանագրերին: Մասնավորապես՝ սահմանափակվել են սեփականության, քաղաքացիության, միավորումների եւ կոչերի իրավունքները, տեղեկատվության եւ տնտեսական գործունեության ազատությունը:

Փոփոխությունները նոր հարաբերություններ են ձեւավորում, որոնք վնաս են հասցնում իշխանության տարանջատմանը, նսեմացնում են խորհրդարանի եւ պատգամավորների կարգավիճակը:

Հատկապես հանրաքվեի անցկացման հապշտապությունը չի համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին եւ ավանդույթներին: Քարոզարշավն ընթացել է ընդդիմության հնարավորությունների սահմանափակման պայմաններում: Քարոզարշավն ընթացել է հեռուստաալիքներում բանավեճերի բացակայության պայմաններում: Անգամ Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճեր չեն եղել:

Քվեարկության օրը տեղի են ունեցել օրենքի զանգվածային խախտումներ՝ ընտրական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ, ինչը գրանցվել է տեսանյութերում: Ինչպես միշտ, իշխանությունները կիրառել են «կարուսելի» տեխնոլոգիան, քվեաթերթիկներ են տվել կողմնակի մարդկանց, իսկ տեղական եւ  միջազգային անկախ դիտորդների բացակայությունն այդ պրոցեսը հեշտացրել է: