Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում տեղի է ունեցել «Նարդարանի գործով» հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 26-ին Նարդարանում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում 6 մարդ էր սպանվել՝ ներառյալ երկու ոստիկան: Այս գործով պատասխանատվության է ենթարկվում ընդհանուր առմամբ 70 մարդ՝ հիմնականում «Մուսուլմանական համախմբում» շարժման անդամներ եւ կողմնակիցներ: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ սահմանադրական կարգի բռնի փոփոխում, հանցավոր զինված կազմակերպված խմբի ստեղծում եւ այլն:

Ներկայում Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում ընթանում է այս գործով անցնող 18 ամբաստանյալների դատավարությունը: Նրանց թվում է նաեւ «Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին, որը մեղադրվում է հակապետական կոչերի, կրոնական ատելություն հրահրելու, զանգվածային անկարգությունների կոչերի համար: Իրականում Գահրամանլին Facebook-ի իր էջում նարդարանցիներին հղված ուղերձ էր հրապարակել՝ նրանց կոչ անելով իրենց իրավունքները պաշտպանել:

contact.az-ը հայտնում է, որ որպես վկա հանդես է եկել Անար Ալիեւը, որը մասնակցել է նոյեմբերի 5-ի բողոքի ցույցին եւ այժմ կալանավորված է այլ գործով: Նա նշել է, որ հավատացյալները հավաքվել էին՝ պարզելու Էլչին Ղասիմովի կալանավորման պատճառը: Նրա խոսքով՝ հավատացյալները ոստիկանների վրա քարեր չեն նետել: Նա նշել է, որ մայրաքաղաքի ոստիկանության պետի տեղակալ Սալաբ Բաղիրովը ոստիկաններին հրամայել է հավատացյալներին «ոտնատակ տալ»: Անար Ալիեւն ասել է, որ Սաբուչինի ոստիկանության վարչության պետի տեղակալն իրեն խոշտանգել է:

«Ցանկանում էին Թալեխի դեմ ցուցմունք կորզել: Մեզ ձեռնաշղթաներ հագցրած նետեցին հատակին եւ սկսեցին ոտքերով հարվածել: Ոմանց անդրավարտիքները հանեցին: Նվաստացրին: Մեր բերանից արյուն էր հոսում: Թույլ չէին տալիս նույնիսկ բնական կարիքները հոգալ: Մեզ հոսանքահարում էին: Կտտանքները ղեկավարում էր Քերիմ Ալիմարդանովը: Նա ասում էր, որ եթե Թալեխ Բաղիրզադեի դեմ ցուցմունք չտամ, ապա հորս կբռնի եւ նրան կմեղադրի թմրանյութեր պահելու համար»,- ասել է վկան: Պատասխանելով փաստաբանի հարցին՝ նա ասել է Թալեհ Բաղիրզադեն երբեք չի խոսել հեղաշրջման մասին, հակառակը՝ նա մշտապես նշել է մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:

Կալանքի մեջ գտնվող մյուս վկան՝ Նիֆթալի Վելիեւն ասել է, որ ՆԳՆ արագ արձագանքման գնդի աշխատակիցները ծեծել են հավատացյալներին: Հետո բոլորին ձերբակալել են, իրեն առաջարկել են խցի դիմաց հայհոյել Բաղիրզադեին: «Ես չհամաձայնեցի եւ արժանացա 6 տարվա ազատազրկման»,- ասել է Վելիեւը:

Վկաներից Էլվին Բունյադովը նշել է, որ իր մոտ զենք են դրել եւ առաջարկել են խցակից Բաղիրզադեին վիրավորել: Նրա խոսքով՝ Սաբուչինի ոստիկանության պետը թքել է ձերբակալվածների դեմքին: Բունյադովին դատապարտել են 6 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման: