Նախիջեւանում հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորվել է Նախիջեւանի ինքնավար հանրապետության Ազգային անվտանգության նախկին նախարար Վելի Ալեսքերովի եղբայր Ալի Ալեսքերովը։

Turan–ի տեղեկություններով՝ Ալի Ալեսքերովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել եռամսյա ժամկետով կալանքը։ Ալեսքերովը ձեռներեց է, որի բիզնեսը ծաղկում էր եղբոր՝ նախարար լինելու տարիներին։

Նա Օրդուբադում բրոյլերների գործարան, Շարուրում ձկնաբուծարան եւ հանրային սննդի կետեր ուներ։ Ալեսքերով եղբայրները հայտնի էին քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ իրենց դաժան վերաբերմունքով։

Հունիսի 24-ին Նախիջեւանի ծանր հանցագործություններով ռազմական դատարանը Վելի Ալեսքերովին 14 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ նրա մեղավոր ճանաչելով յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահման եւ ապօրինի գաղտնալսումների մեջ։