Հայտնի են այս գիշեր Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի տարածքում Մոսկվա-Երեւան ավտոբուսին վթարից զոհվածների անունները:

Ռուսաստանում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ, իրենց ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը հանդիսանում են ՌԴ քաղաքացի, երկուսը՝ ՀՀ քաղաքացի:

Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի

Պողոսյան Յու. (Կարեն) Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի

Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի

Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի

Մամչենկո  Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի

Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:

Հայտնում ենք, որ ս/թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին եւ առաջարկելով իր օժանդակությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Վլադիկավկազի վարչակազմից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ:  Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:

Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տեղավորել են այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։ Նրանք ավելի ուշ ավոբուսով ուղեւորվել են Երեւան: