Հայաստանի առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին:
Հայաստանի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հյուսիսային Օսիայի առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններից ստացված վերջին տվյալներով Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Վլադիկովկասի 3 հիվանդանոցում է գտնվում 10 տուժած`
Նորիկ Աղրամանյանը (1950թ.) ստացել է ուղեղի ցնցում,
Ժասմին Հարությունյանը (1949թ.)` նստատեղի ազդոսկրի կոտրվածք,
Սեյրան Պողոսյանը (1990թ.)` ծնկոսկրերի կոտրվածք, գտնվում են Վլադիկովկասի հանրապետական հիվանդանոցում:
Հրանտ Բաղդասարյանը (1949թ., վիճակը` ծանր) եւ Ալան Սատինյանը (1978թ., վիճակը` միջին ծանրության) բուժվում են Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։
Վլադիկովկասի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում այժմ բուժվում է 5 երեխա։ Նրանցից Դիանա Դավթյանի ( 2005թ.) վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստացել է ծնոտի վնասվածք։ Իսկ Պավել Պալուխինի (2001թ.) Ալեքսեյ Ռոսամախինի (2000թ.) Ալեքսանդր Գալատովի (2000թ.) և Անդրեյ Լազուկինի (2006թ.) վիճակը գնահատվում է ծանր։
Աշխատանքները տեղում կազմակերպելու համար այսօր ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանը ՌԴ-ում ապահովում է կապը և համակարգում աշխատանքները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:
Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ: Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:
Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տեղավորել են այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։ Նրանք ավելի ուշ ավոբուսով ուղեւորվել են Երեւան:




























