Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։
Հ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ինքնաթիռով Երեւան կտեղափոխվեն նաեւ վթարի հետեւանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արեւիկ Օհանյանի եւ Կարեն (Յուրա) Պողոսյանի աճյունները (վթարի հետեւանքով զոհված մյուս երեք ուղեւորները ՌԴ քաղաքացիներ են)։
Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը եւ նույն նախարարության արտակարգ իրավիճակների եւ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվել էր վթարից տուժած քաղաքացիների` ավտոբուսով վերադարձը Հայաստան։ Սակայն ՌԴ իշխանությունների կողմից առաջարկվել է տուժածների տեղափոխումը կազմակերպել ինքնաթիռով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:
Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ: Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:
Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տեղավորել են այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։ Նրանք ավելի ուշ ավոբուսով ուղեւորվել են Երեւան:


























