Ֆլորիդա նահանգի Ալտամոնտե Սփրինգս քաղաքի ղեկավարությունը վաղուց ցանկանում էր արդիականացնել հանրային տրանսպորտը: Քաղաքի քաղաքապետ Ֆրենկ Մարցը նույնիսկ հատուկ ծրագիր էր մշակել FlexBus անունով, որի համաձայն ավտոբուսները ոչ թե տրված երթուղիով պետք է շարժվեին, այլ ըստ ուղեւորների ցանկության: Նախագծի համաձայն նրանք կարող էին ավտոբուս կանչել քաղաքում տեղադրված ավտոմատներից կամ նոութբուքի միջոցով: Նախագիծը այդպես էլ կմնար միայն երազանք, եթե Մարցը հարցին լուծում տալու համար չզանգահարեր Uber ընկերություն եւ չառաջարկեր նրան կազմակերպել աշխարհում առաջին ride-sharing կոնցեպտով հանրային տրանսպորտի մոդելը:

Uber եւ նրա մրցակից Lyft ընկերությունները վաղուց էին փնտրում ճանապարհներ համագործակցելու տրանսպորտային իշխանությունների հետ: Վաշինգթոնում նույնիսկ 911 ծառայություն զանգելու դեպքում ձեզ կարող է մոտենալ Uber-ի մեքենան, եթե բոլոր շտապ օգնության մեքենաները զբաղված լինեն այդ պահին:

Այս մասին գրում է The Verge-ը:

Uber-ի ղեկավար Թրեվիս Կալանիկի խոսքով տրանսպորտի ղեկավարման նման մոդելը թույլ է տալիս իրապես կրճատել ծախսերը. Եթե վարորդը երթեւեկի քաղաքով եւ անընդմեջ վերցնի եւ համապատասխան վայրում իջեցնի ուղեւորներին, ապա դա անհամեմատ քիչ ծախսատար է, քան ավտոբուսների մի ամբողջ խումբ պահելը: 

Uber-ի հակառակորդները պնդում են, որ համակարգը չի աշխատի, քանի որ հսկայական քանակությամբ մարդիկ, որոնք չունեն սմարթֆոններ, կրեդիտ քարտեր կամ բանկային հաշիվ, ուղղակի դուրս կմնան համակարգից: Uber-ն իր հերթին խոստանում է հաշմանդամների համար հատուկ մեքենաներ տրամադրել եւ մշակել համակարգ, որով սմարթֆոն չունեցող մարդիկ կկարողանան օգտվել համակարգից: