Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններն էլ ավելի արդյունավետ եւ ժողովրդավարական ընտրություններ կապահովեն: Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Լրագրողները հետաքրքրվել են, թե այդ փոփոխությունները կարո՞ղ են կարգավորել բարեգործական նախաձեռնությունների անվան տակ քարոզարշավ իրականացնելու երեւույթները, որոնց հասարակությունն ականատես է լինում բոլոր ընտրությունների ժամանակ, ինչին հանրապետական պատգամավորի պատասխանել է, թե «եթե բարեգործությունն արվում է անընդհատ եւ ոչ թե ընտրություններից առաջ, ապա պետք չէ բարեգործությունը սեւ շղարշով պատել»:
Ի դեպ, հենց Հովհաննես Սահակյանն է գլխավորում ՀՀԿ-ի կողմից Հայաստանի մարզերում ՀՀԿ-ի կազմակերպած անվճար բուժօգնության նախաձեռնությունը, ինչը նույնպես որոշ ՀԿ-ների կարծիքով, անօրինական գործունեություն է եւ նախընտրական քարոզարշավ: Այս առնչությամբ նա նշեց. «ՀՀԿ-ն ընտրություններին սկսում է նախապատրաստվել կայացած ընտրությունների հենց հաջորդ օրը։ Ասեմ, որ ՀՀԿ-ն բուժօգնություն տրամադրել է ե՛ւ նախորդ տարիներին, ե՛ւ հիմա, ե՛ւ անցած ընտրություններից առաջ։ Ի՞նչ վատ է, որ հայ մարդը առանց պետական բյուջեից կոպեկ իսկ օգտվելու՝ իր հայրենակցին օգնում է բուժօգնություն ստանալ։ Վատ բան կա՞»:
Իսկ դիտարկմանը, թե դա լայնորեն լուսաբանվում է հեռուստաալիքներով, ինչն ակնհայտ քարոզչություն է, ՀՀԿ-ական պատգամավորի արձագանքը տարօրինակ էր. «Իսկ ինչո՞ւ չցուցադրվի»:




























