Ադրբեջանում հակահայկական, ֆաշիստական եւ ռասիստական տրամադրությունները, պատմահենությունը, պատմության կեղծումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ նկատելով, որ ադրբեջանցիները, որպես էթնիկ միավոր,  գտնվելով հայերի հետ մրցակցության, անգամ պատերազմի մեջ՝ փորձում են ընդօրինակել հայերի վարքը:

«Ադրբեջանական ժողովրդի եւ երկրի ղեկավարության գործողությունները վկայում են նրանց ազգային անլիարժեքության մասին: Դա վկայում է նաեւ այն, որ ադրբեջանցիների համար համախմբման այլ ուղի չկա: Առանց Հայաստանի եւ ղարաբաղյան հարցի չի լինի նաեւ արհեստականորեն ստեղծված ադրբեջանցի ժողովուրդը»,- ասել է Դեմոյանը:

Նրա կարծիքով, ադրբեջանցիները պատճենահանում են հայերին ամեն ինչում. «Տեսնելով սփյուռքի հետ հայերի աշխատանքը, Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը, նույնպես փորձում են ադրբեջանական սփյուռք ստեղծել, խոսել ադրբեջանցի ժողովրդի «ցեղասպանությունների» մասին՝ դրա զոհերի հիշատակին հուշարձաններ կանգնեցնելով»:

Ադրբեջանի իշխանությունները, ըստ Դեմոյանի, ադրբեջանցի ժողովրդի «համաժողովրդական առաջնորդ» Հեյդար Ալիեւի մասին առասպել են հորինում՝ նրա պատվին հուշարձաններ կանգնեցնելով ոչ միայն Բաքվում, այլեւ աշխարհի շատ քաղաքներում: Հասնելով ծայրահեղության՝ նրանք կիսանդրիներ են կանգնեցնում աշխարհի բարձր լեռների վրա: «Եթե նրանք շարունակեն այդ քաղաքականությունը, Ալիեւի հուշարձանները կհայտնվեն ողջ երկրագնդով մեկ»,- նկատել է Դեմոյանը: