Այսօր ԱՄՆ Ռազմաօդային Ուժերին պատկանող C-130 օդանավի Ներքին Սասնաշեն գյուղի մոտ կործանման 51-րդ տարելիցն է, որն ընդգծում է գյուղի բնակչության և ԱՄՆ ժողովրդի նորացված հարաբերությունների սկիզբը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ զինվորական կցորդ փոխգնդապետ Ռոբերտ Վեբսթերը հայտարարել է, որ գյուղը կստանա մոտավորապես 140 հազար դոլար` մանկապարտեզը և շրջակա տարածքը վերանորոգելու նպատակով: Նա նշել է. «Ռազմական համագործակցության գրասենյակի այս ծրագրի ավարտը ցույց կտա մեր երախտագիտությունը գյուղի բնակչությանը, որոնք տարիներ շարունակ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 50 տարի առաջ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողներին»:
ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները մանկապարտեզի սաներին են նվիրել նաև 80 թիկնապայուսակ` դպրոցական պիտույքներով, որոնք երեխաները կօգտագործեն հաջորդ տարվա սկզբին` մանկապարտեզ վերադառնալուն պես:
Հիշեցնենք, որ 1958թ. սեպտեմբերի 2-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-130 հետախուզական ինքնաթիռը 17 օդաչուներից բաղկացած անձնակազմով՝ ոչնչացվել էր Խորհրդային Հայաստանի օդային տարածքում: Ինքնաթիռը ընկել էր Ներքին Սասնաշեն գյուղից 200 մետր դեպի հյուսիս: 1993թ. Սասնաշեն գյուղի բնակչությունը սույն վայրում տեղադրեց հուշաքար` ի հիշատակ զոհված օդաչուների: Սույն օրից ի վեր տեղի բնակչությունը նշում է այդ օրը որպես հանուն իրենց երկրի կյանքը զոհաբերած զինծառայողների հիշատակի օր:
ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակը աշխատում է խորացնել ԱՄՆ կառավարության և արդյունաբերության օժանդակությունը Հայաստանի պաշտպանական բնագավառին: Գրասենյակը գործում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի և Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում տեղակայված ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատասխանատվության ներքո:




























