Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Կիպրոսի թուրքական մասի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN turk-ը։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Լեֆկոշայում Կիպրոսի թուրքական մասի ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով օգոստոսի 31-ի երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի կողմից հայտարարված արձանագրություններին՝ ասել է. «Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, հարեւանների հետ զրո խնդիր սկզբունքի մեջ մենք վճռական ենք, այդ թվում ցանկանում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորել։ Սակայն այդ հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ, որպեսզի այդ հարաբերությունները մնայուն խաղաղության հասնեն, սպասում ենք, որ Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորումը միջազգային հասարակության ջանքերով մեկ վայրկյան առաջ կլինի»,-ասել է Դավութօղլուն։




























