Կառավարությունն այսօր` հոկտեմբերի 21-ին բավական համարձակ եւ անսպասելի որոշում ընդունեց՝ սահմանափակելով ուժային գերատեսչություններում պարգեւներն ու լրավճարները։ Ըստ այդմ, Պաշտպանության նախարարությունը, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, պետական պահպանության ծառայությունը, փրկարար ծառայությունը եւ ոստիկանությունն այլեւս չեն կարող ինքնուրույն որոշել իրենց աշխատակիցներին պարգեւներ եւ լրավճարներ հատկացնելու հարցը:

Խնդիրն այն է, որ այդ գերատեսչությունների աշխատողների միջին ամսական աշխատավարձերը հաշվարկվում են միմյանց նկատմամբ հնարավորինս ոչ էական շեղումներով: Սակայն բյուջեի կատարման ընթացքում առաջանում են տնտեսումներ կամ խնայողություններ, որոնք ուղղվում են պարգեւավճարներին։ Արդյունքում՝ տարբեր ուժային գերատեսչություններում առաջանում են աշխատավարձերի էական անհամամասնություններ։

Այդ անհամամասնությունները վերացնելու համար կառավարությունը որոշեց, որ բոլոր տեսակի պարգեւավճարների եւ լրավճարների չափերը այսուհետ պետք է սահմանվեն կառավարության կողմից, իսկ խնայված միջոցները տարվա վերջին պետք է վերադարձվեն պետական բյուջե։