Ծովով Աֆրիկայից Եվրոպա հասնելու փորձի ժամանակ զոհված առնվազն 16 միգրանտի մարմին է հայտնաբերվել Լիբիայի ափին՝ Թունիսի սահմանից ոչ հեռու, Տրիպոլիից 160 կմ արեւմուտք: Այս մասին հայտնում է AFP-ն:

«Կիրակի 16 միգրանտի մարմին ենք հայտնաբերել Զուվարա քաղաքի լողափին»,- գործակալությանն ասել է Կարմիր մահիկի միջազգային շարժման տեղական բաժանմունքի ներկայացուցիչը: Կազմակերպությունում ենթադրում են, որ նավակը, որով լողարկել են միգրանտները, խորտակվել է: Միգրանտների ազգային պատկանելությունն առայժմ չի պարզվել, նրանց հուղարկավորությամբ կզբաղվեն իշխանությունները:

2016 թվականի անցած ամիսների ընթացքում Միջերկրական ծովն ապօրինի հատելու եւ Եվրոպայի ափերին հասնելու փորձերի ժամանակ միայն հաստատված տեղեկատվությամբ ավելի քան 3 հազար մարդ է զոհվել: