Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը չի կարծում, որ ինչ-որ մեկը  իր կյանքի դեմ մահափորձ էր պատրաստում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին անձամբ քաղաքական գործիչն է հայտարարել: 

«Ոչ մի մահափորձ չի եղել: Ինձ ոչ մեկը նույնիսկ մատով չի դիպչել: Ոչ մի ապացույց չկա, որ ինձ ցանկանում էին սպանել»,- մամուլի ասուլիսին հայտարարել է նա: Քաղաքական գործիչը նաեւ հայտնել է, որ զինապահեստը ծնողների տան մոտ կարող էր պատահաբար հայտնվել: «Պարզապես ինչ-որ մեկն այն պատահաբար այնտեղ է թողել»,- իր պատկերացումն է հայտնել նա՝ սակայն խոստովանելով, որ զնանոցի համար տեղի ընտրությունը բավական տարօրինակ է:

Վուչիչը հստակեցրել է, որ հատուկ ծառայություններն այժմ զենքի հայտնաբերման վայրից վերցրած ԴՆԹ-ի նմուշի անալիզ են կատարում, եւ այդ հետազոտությունների արդյունքները տեղի ունեցածի վրա լույս կսփռեն:

Ավելի վաղ Սերբիայի ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել էր երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի ընտանիքի բելգրադյան Յայինցի շրջանում գտնվող տան կողքին թաքցված զենք հայտնաբերելու մասին: