Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանրահավաքից վռնդել է իր սեւամորթ կողմնակցին՝ նրան ընդունելով որպես Հիլարի Քլլինթոնի շտաբի՝ մրցակիցների կողմից կաշառված բողոքողի: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Հանրահավաքին հավաքված բազմության ուշադրությունն է գրավել մի սեւամորթ, որը հանրությունից միակն էր, ով սպիտակ նամակ էր թափահարում եւ բղավում: Սկզբում Թրամփը պահանջել է տղամարդուն հանգիստ թողնել, իսկ հետո հարցրել է. «Որտե՞ղ է այդ բողոքողը: Ձեզ մեկուկես հազար դոլա՞ր են վճարել խուլիգանության համար, այո՞: Հեռացրեք նրան»:

Անվտանգության աշխատակիցները տղամարդուն հանել են հանրահավաքից, որից հետո պարզվել է, որ նա Թրամփի կողմնակիցներից է եւ կրում է Հանրապետական կուսակցության կրծքանշան: Հյուսիսային Կարոլինայի բնակիչ ՍիՋեյ Քերին հայտարարել է, որ ընդամենը ցանկանում էր նախագահի թեկնածուին անձամբ փոխանցել ուղերձը, որում իր վրդովմունքն էր հայտնում «ստախոս Հիլարիի եւ Օբամայի» վերաբերյալ:

Քերիի խոսքով՝ միջադեպը չի ազդել Դոնալդ Թրամփի օգտին քվեարկելու իր որոշման վրա: Տղամարդն ընդգծել է, որ ուղերձը չի փոխանցել անվտանգության աշխատակիցների միջոցով, քանի որ վախեցել է, որ այն կկորի:

Քերին, որը ԱՄՆ ծովային հետեւակի վետերան է, պարզաբանել է, որ 1992 թվականից Դոնալդ Թրամփի երկրպագուն է: Այդ ժամանակ նա միլիարդատիրոջը նամակ էր գրել՝ ափսոսելով, որ նա իր առաջին կնոջից՝ Իվանայից բաժանվում է: Ի զարմանս Քերիի՝ Թրամփը նրան պատասխանել էր, եւ այդ օրվանից նա դարձել է բիզնեսմենի վառ կողմնակիցը: