Բրիտանական Բիրմինգեմում Apple խանութի աշխատակիցները հրաժարվել են տեղի բնակիչ Շարակաթ Հուսեյնին իրենցից գնած iPhone-ի համար փողը վերադարձնել, մինչ նա կապացուցի, որ Իրաքի հանգուցյալ առաջնորդ Սադամ Հուսեյնը չէ: Այս մասին հայտնում է The Sun տաբլոիդը:

26-ամյա տղամարդն ասել է, որ մոտ մեկ ամիս առաջ քրոջը նվիրելու նպատակով 799 ֆունտով (973 դոլար) սարք է գնել: Սակայն քույրը հայտարարել է, որ այդպիսի հեռախոս չի ցանկանում, որից հետո տղամարդը որոշել է այն խանութին հետ տալ: Խանութում նրան խնդրել են անձնական տվյալները նշել, որպեսզի փողը բանկային փոխանցմամբ վերադարձնեն:

Որոշ ժամանակ անց Շարակաթին գումարի փոխարեն էլեկտրոնային նամակ է եկել ապացույցներ ներկայացնելու մասին, որ ինքը Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը չէ, որին կախաղան են բարձրացրել 2006 թվականին: Նամակի հեղինակի պնդմամբ՝ որպեսզի նրան բացառեն «այն անձանց պետական ցուցակից, որոնց արգելված է ըկերության արտադրանքը վաճառել»:

The Sun-ը հայտնում է, որ հրապարակայնացումից հետո Apple-ի մամուլի քարտուղարը Շարակաթին «անկեղծորեն ներողություն» է հայտնել, նաեւ հավաստիացրել է. որ ընկերությունը փողի վերադարձի հարցը կլուծի: