Պակիստանի ներքին գործերի նախարար Չաուդհրի Նիսար Ալի Հանը հնարավոր է համարել, որ կեղծ փաստաթղթերի համար կալանավորված Շարբաթ Գուլան՝ 1985 թվականին National Geographic ամսագրի շապիկի հերոսուհին, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես «Աֆղանցի աղջիկը»,գրավով ազատ արձակվի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գուլային ձերբակալել են անցյալ շաբաթ Փեշավարում՝կեղծ անձնագիր ձեռք բերելու կասկածանքով: Նա Պակիստանում է բնակվում 2014 թվականից, սակայն վերջին ամիսներին Պակիստանի իշխանությունները ուժգնացրել էին աֆղանցի այն փախստականներին արտաքսելու աշխատանքները, որոնք համապատասխան պաշտոնական կարգավիճակ չունեին կամ ստացել էին պակիստանյան կեղծված վկայականներ: Ուրբաթ դատարանը Գուլայի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 14-օրյա կալանքը:

ՆԳ նախարարը հայտարարել է, որ Գուլային գրավով ազատելու դիմումին «չեն առարկի՝ մարդասիրական նկատառումներից ելնելով»: Նա հավելել է, որ նրա հնարավոր ազատումը չպետք է ազդի անձնագրերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ Պակիստանի իշխանությունների աշխատանքի վրա:

Պակիստանի օրենսդրությամբ մեղսագրվող արարքի համար Գուլային սպառնում է 7-14 տարվա ազատազրկում կամ 3-5 հազար դոլարի տուգանք:

Շարբաթ Գուլան ծնվել է 1972 թվականին Աֆղանստանում, փուշտուների ընտանիքում: 1980-ական թվականների սկզբին նրա  գյուղը հարձակման է ենթարկվել, եւ Շարբաթը որբացել է: Ողջ մնացած մի քանի հարազատների հետ նա տեղափոխվել է Պակիստանի սահմանին գտնվող փախստականների Նասիր-Բագ ճամբար: 1984 թվականին նրան այնտեղ նկատել է National Geographic-ի լուսանկարիչ Սթիվ ՄակՔարրին, որից հետո պատանի փախստականի լուսանկարը զարդարել է ամսագրի 1985 թվականի հունիսյան համարի շապիկը, դիմանկրան ամբողջ աշխարհում հայտնի է «Աֆղանցի աղջիկը» անվամբ:

1992 թվականին Շարբաթն Աֆղանստան է վերադարձել, սակայն հայրենիքի անհանգիստ վիճակը նրան կրկին հարկադրել է այն լքել: