Արդիական էներգախնայող համակարգի հիման վրա գործող՝ արտաքին լուսավորությունը հասանելի դարձավ Տավուշի մարզի Բերդավան գյուղի համար: Սահմանամերձ գյուղի 5,425մ երկարությամբ տարածքն այսուհետ ապահովված է 175 LED լուսարձակներով:

Բերդավանը թվով 15-րդ գյուղն է, եւ առաջինը՝ Տավուշի մարզում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում ներդրվում է շրջակա միջավայրի ու հանրային առողջության համար անվտանգ արդիական ու էներգախնայող LED համակարգ:

Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարեւոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքների բյուջետային ծախսերը՝ թույլ տալով դրանք ուղղել այլ խնդիրների լուծմանը: Բերդավանում իրականացված ծրագիրը հանրային ու մասնավոր սեկտորների, ու նաեւ համայնքի միջեւ համագործակցության արդյունք է: Այսպես, մոնտաժման լայնածավալ աշխատանքներն իրականացվել են համայնքի ուժերով:

Նախկինում, էներգախնայողության նպատակով, այս համայքնում տեղադրել են էկոնոմ լամպերով աշխատող լուսարձակներ: Արդյունքը, սակայն, գոհացուցիչ չի եղել. սպառվել է սպասվածից ավելի շատ էկելտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորթյուն: Տարեկան կտրվածքով, լուսարձակների մոտ 50 տոկոսն էլ շարքից դուրս էր եկել՝ առաջացնելով դրանք նորերով փոխարինելու՝ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական բոլոր փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց եւ համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Ի հավելումն նոր համակարգի գործարկմամբ լուսավորված մոտ 5,425մ երկարությամբ տարածքի, ապամոնտաժված նախկին լուսարձակներն օգտագործելու շնորհիվ լուսավորվել է եւս 4 փողոց։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթեւացնել համայնքի ֆինանսական բեռը, այլեւ աշխուժացնել համայնքային կյանքը, լուծել օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթեւեկելու խնդիրները, ինչն առավել կարեւոր է սահմնամերձ գյուղերի պարագայում:

Բերդավանի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

«Մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին աջակցել երկարաժամկետ ծրագրերով: Մեկանգամյա աջակցությունը չի կարող թեթեւացնել նրանց սոցիալական բեռը, մինչդեռ տնտեսական ներկա իրավիճակում՝ դա կարեւոր է: Տնտեսված գումարներն, անկախ հավաքագրման չափից, կարող են նպատակաուղղվել այլ խնդիրների լուծմանը՝ թեթեւացնելով համայնքի սոցիալական բեռը: Զուգահեռաբար, այսօրինակ ծրագրերով կփոխվի հասարակության սպառողական մոտեցումը, ինչն անհրաժեշտ է ոչ միայն քաղաքակիրթ մշակույթի ձեւավորման համար, այլեւ բնապահպանական տեսանկյունից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես: