Գերմանիայում ներոստիկանական հետաքննության արդյունքում աստիճանաբար ավելի շատ անձինք են հայտնաբերվում, որոնց կասկածում են աջ ծայրահեղական «ռեյխսբյուրգերների» շարժմանը պատկանելու մեջ: Ոստիկանության շարքերում կարգապահական վարույթների քանակը կարճ ժամկետում հասել է 15-ի, հայտնում է Süddeutsche Zeitung-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ նման վարույթների ամենամեծ թիվը բաժին է հասնում Բավարիա դաշնային հողին: Այնտեղ վերջերս աշխատանքից ազատել էին 26-ամյա մի ոստիկանի, որին կասկածում էին «ռեյխսբյուրգերների» շարժման հետ կապ ունենալու մեջ: Դա Բավարիայում արդեն 6-րդ դեպքն է:
Երկրորդ տեղում Սաքսոնիա Անհալթն է, որտեղ 4 նման գործ է հարուցվել: Աշխատանքից ազատվել է 3 ոստիկան: Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալեն հողում հարուցվել է 2 գործ:
Ըստ Սահմանադրության պաշտպանության գերատեսչության՝ ամբողջ Գերմանիայում այդ շարժմանն անդամակցում է մի քանի հարյուր մարդ: Շարժման անդամները չեն ընդունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գոյությունը եւ իրենց գերմանական ռեյխի քաղաքացիներ են համարում, որի սահմանները համապատասխանում են 1937-ի սահմաններին:



























