Համացանցի 12 մլն օգտատերի կյանքին հետեւելով՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սոցցանցերի ակտիվ օգտատերերն ավելի երկար են ապրում, ինչը հավանաբար պայմանավորված է նրանով, որ նրանք սոցիալապես ավելի ակտիվ են ու կապ են պահպանում արտաքին աշխարհի հետ, փոխանցում է PNAS ամսագիրը։
Սան Դիեգոյում Քալիֆորնիայի համալսարանի Ուիլյամ Հոբբսի խոսքով «Օնլայն շփումը կարծես օգտակար է առողջության համար, մանավանդ եթե այն չի վնասում օֆլայն շփմանը ու փոխկապակցված է։ Միայն երբ մարդիկ ամբողջ կյանքն են անցկացնում օնլայն, դա բացասաբար է անդրադառնում նրանց կյանքի տեւողության վրա»։
Գիտնականները նման եզրակացություն են արել՝ հետեւելով Քալիֆորնիա նահանգում ապրող մի քանի միլիոն բնակիչների կյանքին, որոնք սոցցանցերում գրանցված են ու բժշկական ապահովագրություն ունեն։ Նաեւ ուսումնասիրել են այնպիսի մարդկանց տվյալները, որոնք երբեւէ սոցցանցում գրանցված չեն եղել։
Հետազոտության արդյունքները, ըստ գիտնականների, հետաքրքիր են նաեւ բժշկական տեսակետից։ Քանի որ այսօր բժիշկները հաճախ են հիվանդներին խորհուրդ տալիս նոր ընկերներ գտնել թարմ զգացողությունների ու կյանքը երկարացնելու համար, ինչը փաստորեն իրոք արդյունավետ է։
Իհարկե այս հետազոտության արդյունքները չի կարելի հարյուր տոկոսով հավաստի համարել, հաշվի առնելով, որ հետազոտության հովանավորն ու հեղինակը հենց սոցցանցն է։


























