Արարատի զորամասի գնդի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանի քրեական գործով ձերբակալության մասին լուրերը ճիշտ են։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունից։
Հարցին, թե ձերբակալված Արթուր Կարապետյանին մեղադրանք առաջադրվե՞լ է, Վարչությունից պատասխանեցին, որ այս պահին ավելին ասել չեն կարող։
Հիշեցնենք, որ մինչ Ա. Կարապետյանի ձերբակալությունը, ձերբակալվել էր նույն զորամասի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը` «Ռոժ» մականունով: Ըստ մամուլի հրապարակումների, վերջինս պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ անպատիժ գործել էր՝ ծեծել ու նվաստացրել զինվորներին ու որդի Խաչատուրովի հետ ստիպել էր իրենց համար վարկեր վերցնել: Մամուլում գրվել է նաեւ, որ չի բացառվում, որ ձերբակալության ալիքը հասնի նաեւ Յուրի Խաչատուրովի որդուն:
Ինչ վերաբերում է YouTube-ում տեղադրված աղմկահարույց տեսանյութի գործով կալանավորված սպայի ճակատագրին, ՊՆ քննչական վարչությունիցվ ասացին, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է «Սրա մասին էլ ուրիշ տեղեկատվություն չենք տալիս»:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին YouTube-ում տեղադրվել էր մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է մինչեւ գոտկատեղը մերկ սպան նվաստացնում զինվորներին, նրանց ականջների մեջ ջուր լցնում ու հարվածում:
Արդեն սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Պնախարար Սեյրան Օհանյանն ընդգծել էր, որ չի հավատում այդ տեսագրությանը, որ հայկական բանակում նման դեպքեր են լինում: Օհանյանը նաեւ հայտարարել էր, որ եթե պարզվի, որ նման դեպք է եղել, նա ով դաժանաբար է վարվել զինվորների հետ, խստորեն պատժվելու է: «Ցավոք, մենք դեռ այդ մարդուն չենք գտել»,- նշել էր Օհանյանն ու հավելել, որ խստորեն պատժվելու են այդ տեսագրությունները YouTube-ում տեղադրող անձինք:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայ զինվորների դեմ բռնություն կիրառող սպայի անունը Սասուն Գալստյան է: Նա մայորի կոչում ունի եւ «Եղնիկներ» զորամասում գումարտակի հրամանատարի տեղակալն է: Նրա դեմ գործ է հարուցվել ընդամենը «պաշտոնազանցություն» հոդվածով, որը ենթադրում է 2-5 տարվա ազատազրկում:





























