«Օրենքով գող» Ասլան Ուսոյանի հետ ոչ ոք չի ցանկանում վիճել: Շատերը ծառայությունից հետո աշխատանքի են անցնում նրա ընկերությունները, եւ նա ոչ ոքի չի նեղացնում: Այդ մասին «Նովայա գազետային» տված հարցազրույցում պատմել է ուժային կառույցների անանուն աղբյուրը:

Վերջինիս խոսքով, Արմեն Ղազարյանը՝ «Պզոն», որը ձերբակալվել էր ԱՄՆ-ում, «Դեդ Հասանի» կողմից նշանակված «նայող» էր Լոս Անջելեսում, ու զգալի ավանդ է ներդրել «գողական օբշչակում»:

Պարբերականի մեկ այլ աղբյուր նշել է, որ գողերի եւ հեղինակավոր գործարարների շնորհիվ ոստիկանապետերը նոր աստղեր են ստանում, իսկ պաշտոնյաները՝ պաշտոններ:

Նա նշել է նաեւ Պետդումայի պատգամավորների մասին, ովքեր կապեր են ունեցել  «Դեդ Հասանի», սոլնցեւյան, վրացական եւ ուզբեկական հանցագործների հետ: Ըստ աղբյուրի` քրեականները պատրաստ են եղել բազմամիլիոնանոց կաշառք մուծել անհրաժեշտ մարդկանց, որ Մոսկվայի ոստիկանապետի պաշտոնում իրենց մարդուն նշանակեն: Բայց շուտով դա ձախողվել է քանի որ նախագահն անսպասելիորեն նշանակել է Վլադիմիր Կոլոկոլցեւին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ամերիկյան իրավապահները ձերբակալել էին հայկական հանցավոր խմբավորման մի քանի տասնյակ ներկայացուցիչների, ովքեր բժշկական ապահովագրության Medicare համակարգից մոտ 163 մլն դոլար էին յուրացրել՝ տարբեր մեքենայությունների միջոցով: Հանցախմբի ղեկավարը «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանն է, ում ձերբակալել էին Լոս-Անջելեսում: Ձերբակալված 73 անձանցից մոտ 40-ը հայեր էին, այդ թվում խմբի պարագլուխներ համարվող Ռոբերտ Թերջանյանը, Դավիթ Միրզոյանը եւ այլք:

Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարան հանցավոր խմբավորումը համեմատել է դասական Cosa Nostra-ի հետ՝ հավելելով, որ ապօրինի եկամուտների ծավալով, աշխարհագրական ընդգրկմամբ եւ հավակնությունների մակարդակով իտալական դասական մաֆիան կարող է նախանձել հայկական խմբավորմանը: