«Այս 18 տարիների ընթացքում մենք յուրաքանչյուր տարվա հետ նոր ձեռքբերումներ ենք ունեցել։ Դրանք, իհարկե, առաջին հերթին ձեռք են բերվել մեր սուրբ նահատակների արյան ու կյանքի գնով։ Այս տարիների ընթացքում մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների, զրկանքների ու կորուստների միջով։ Միաժամանակ, հասել ենք նաև հաջողությունների։ Այսօր 18-ամյա արցախցին արդեն կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Եվ քանի որ սեպտեմբերի 2-ը մեզ համար պետական, համաժողովրդական տոն է, ապա ես ցանկանում եմ շնորհավորել նաև ողջ հայ ժողովրդին, որովհետև հայ ժողովրդի մասնակցությունն է մեզ բոլորիս նվիրել այս անկախությունը»։
Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ԼՂՀ հռչակման 18-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ։
«Անկախությունն ընդգծել է այն բանի բարձրագույն իմաստը, որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Եվ Արցախի ժողովուրդը գիտակցում է դա և ղեկավարվում է դրանով»,- նշել է Ղարաբաղի պետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-ամյակի կապակցությամբ անցկացվող տոնակատարություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը, Հայաստանի և այլ երկրների հասարակայնության ներկայացուցիչներ։




























