Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվող բողոքները ընդգրկում են ՄԻԵԴ գործնականում բոլոր հոդվածները: Սակայն վերջին տարիներին ավելի շատ բողոքներ են ստացվում հիմնարար քաղաքական իրավունքների եւ ազատությունների խախտումների վերաբերյալ: Այս մասին Turan-ին ասել է փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւը, որը ՄԻԵԴ-ում Ադրբեջանից ստացվող մեծ թվով բողոքների գծով իրավաբանական ներկայացուցիչն է:
Այդ հայցերի թվում գերակշռում են ժողովների, արտահայտվելու ազատության, անձի անձեռնմխելիության խախտումների վերաբերյալ գործերը: 2016 թվականին միայն Մուստաֆաեւի ուղարկած գործերով ՄԻԵԴ-ը 22 որոշում է ընդունել:
Մուստաֆաեւի խոսքով՝ ՄԻԵԴ ուղարկելու համար բողոքներ պատրաստող փաստաբանների եւ իրավաբանների վրա մեծ ճնշում է գործադրվում: Նա բերել է Ինթիգամ Ալիեւի օրինակը, որը երկար ժամանակ բանտարկված էր, իսկ այժմ ճնշումների է ենթարկվում. փակվել է նրա գրասենյակը, նա չի կարողանում աշխատել, երկրից դուրս գալ: Վերջին տարիներին ՄԻԵԴ-ի հետ ակտիվորեն աշխատող Խալիդ Բագիրովին հեռացրել են Փաստաբանների կոլեգիայից: Դադարեցվել է նաեւ Մուստաֆաեւի հասարակական կազմակերպության գործունեությունը, որը բնակչությանն իրավաբանական անվճար օգնություն էր ցուցաբերում:
Խնդիրներ կան նաեւ ՄԻԵԴ-ի որոշումների կատարման առումով: Նախկինում կառավարությունը փոխհատուցումները ժամանակին էր վճարում: Սակայն իրավական միջոցառումները բացակայում են: Այսպես՝ եթե ՄԻԵԴ-ը մարդու իրավունքների խախտումների ինչ-որ պահեր ընդունել է, ապա կառավարությունն այն պետք է վերացնի:
Մուստաֆաեւը ՄԻԵԴ է ուղարկել 300 հայց, որոնցից 76-ով որոշումներ են ընդունվել: «Սակայն այդ որոշումներից ոչ մեկով ընդհանուր միջոցառումներ չեն կատարվել, չեն կատարվել նաեւ անհատական միջոցառումներ, մասնավորապես՝ գույքի վերադարձման վերաբերյալ: Այս ոլորտում Ադրբեջանում մեծ թերություններ կան»,- ասել է Մուստաֆաեւը:
Ինչ վերաբերում է 2016 թվականի որոշումներին, ապա դրանցով չեն վճարվել նույնիսկ փոխհատուցումները՝ տարեսկզբին 1-2 գործի բացառությամբ: Իր՝ Մուստաֆաեւի 22 գործերով վճարված չէ 300 հազար եվրո:




























