Այս նոյեմբերին եւ դեկտեմբերին լիալուսնի ժամանակ լուսինը անսովոր մեծ կլինի Երկրին առավելագույնս մոտենալու պատճառով: Ընդ որում նոյեմբերի լուսինը վերջին 68 տարիների համար ռեկորդային մեծ կլինի, հայտնում է Space.com-ը:

Գերլուսինը աստղագիտական երեւույթ է, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի եւ Երկրի առավելագույն մերձեցմանը, եւ Լուսինը 14 տոկոսով ավելի մեծ է թվում եւ 30 տոկոսով ավելի վառ:

Լիալուսնի ժամանակ մեր արբանյակը հսկա գնդակ է թվում, քանի որ անցնում է իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտը գտնվող կետով՝ պերիգեյով: Այդտեղ Լուսինը մեր մոլորակին մոտ 50 հազար կմ-ով ավելի մոտ է գտնվում, քան երբ անցնում է իր ամենահեռու կետով՝ ապոգեյով:

Լուսնի եւ Երկրի միջեւ հեռավորության նման տատանումները պայմանավորված են այն հանգամանքով, որ Լուսնի ուղեծիրը էլիպսաձեւ է:

Այս «գերլուսինը» 2016-ի ընթացքում 2-րդը կլինի: Նախորդ անգամ այն գրանցվել էր հոկտեմբերի 16-ին, իսկ հաջորդը կլինի դեկտեմբերի 13-ին: