Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ցուցմունք է տվել հարուցված գործի շրջանակում տուժող ճանաչված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Տիգրան Մանասերյանը, որը Հայկազ Բարսեղյանի սպանության մասին տեղեկացել էր առավոտյան, իսկ դեպքի գիշերն արթնանալով՝ լսել ձայներ ու տեսել ամբաստանյալ Գնել Թեւոսյանին:
Դատախազի հարցին՝ ինչպես կբնութագրի ամբաստանյալներին, Տիգրան Մանասերյանը պատասխանեց. §Մովսես Ազարյանն աֆերիստ, տափուկի մեկն է: Վաչեն լավ մարդ է, լիքը հարցերում խորհուրդ եմ հարցրել, Նորիկ Սահակյանն էլ է հանգիստ բնավորությամբ, իսկ Գնել Թեւոսյանին չեմ կարող բնութագրել¦:
Մեղադրող դատախազի հարցին՝ ամբաստանյալներից որեւէ մեկն իր նկատմամբ բռնություն կիրառե՞լ է իր նկատմամբ, տուժողը պատասխանեց, որ 2014-ի նոյեմբերին իրեն ծեծել են ամբաստանյալներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը:
Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա նոյեմբերի 14-ին:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























