Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Պերդիգիեի անվան կենտրոնական զբոսայգում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի հարեւանությամբ, նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր Միսաք Մանուշյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Ավինյոնի քաղաքապետ Սեսիլ Հելլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Ավինյոնի հայ-ֆրանսիական կազմակերպության նախագահ Վերոնիկ Բրունա-Մարդոյանը, ֆրանսահայ նախկին մարտիկների կազմակերպության նախագահ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը, սենատորներ Կլոդ Օտը եւ Ալեն Դյուֆոն, ԱԺ պատգամավորներ Միշել Ֆուրնիե-Արմանը եւ Ժուլիե Օբերը, կիսանդրու հեղինակ քանդակագործ Մարսելա Կրացը, տեղական եւ մարզային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգեւոր այրեր, բազմաթիվ ֆրանսահայեր:
Ավինյոնի քաղաքապետ տիկին Սեսիլ Հելլն իր ելույթում ներկայացրեց Միսաք Մանուշյանի անցած փառավոր ուղին, մասնավորապես ընդգծելով այն հարգանքն ու սերը, որը վերջինս ստացավ ողջ Ֆրանսիայում` հակաֆաշիստական պայքարում իր մեծ ներդրմանն ի պատասխան:
Հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, հայ համայնքի եւ Ավինյոնի տեղական իշխանությունների արդյունավետ ու լայնածավալ աշխատանքներին, որի արդյունքն է նաեւ Միսաք Մանուշյանի կիսանդրու բացումն Ավինյոնում: ՀՀ հյուպատոսը նշեց, որ պատմության փառավոր էջերը խորհրդանշող ցանկացած կառույց ունի գալիք սերունդներին դաստիարակելու եւ ոգեշնչելու առաքելություն:
Միջոցառմանը հանդես եկած զինվորական նվագախմբի եւ երգչախմբի կատարումներին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:
Այնուհետեւ, Ավինյոնի «Լը Պանդորա» կինոթատրոնում ցուցադրվեց ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի` Մանուշյանի եւ նրա մարտական ընկերների մասին պատմող «Ոճրագործության բանակ» կինոնկարը:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցներով:




























