Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ձերբակալված կնոջ պայուսակում կոալայի ձագ են հայտնաբերել, հայտնում է BBC–ն։
Իրավապահները կանգնեցրել են ավտոմեքենան, որի ղեկին մի 50-ամյա կին էր։ Խուզարկման ժամանակ նրանից հարցրել են, արդյոք նրա մոտ որեւէ արգելված բան կա։ Կինը տվել է պայուսակը, որում ոստիկանները գտել են կոալա։ Կինը հայտնել է, որ գտել էր այդ կենդանուն ու խնամում էր նրան։ Կոալան, արտաքինից դատելով, մոտ վեց ամսական է, նրա քաշը՝ մեկուկես կիլոգրամ։ Ոստիկանները հայտնել են, որ կոալայի անունը Ալֆրեդ է։
Հիմա Ալֆրեդը Բրիսբենի ոստիկանական բաժանմունքում է գտնվում։ Հետո նրան կհանձնեն պաշտոնական խնամակալի։ Ավստրալիայում կոալաները օրենսդրորեն պաշտպանված են։ Չնայած այդ կենդանիների պոպուլյացիան որոշ տարածքներում վերականգնվել է, նրանց նկատմամբ որսը առաջվա պես արգելված է։ Իշխանությունները խնդրում են հատուկ հեռախոսահամարով քաղաքացիներին հայտնել կոալա գտնելու մասին։ Տանը կոալա պահել նույնպես չի կարելի։




























