ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 7-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ եւ առաջարկել հանել հայկական ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակումը:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանը ՌԴ գործընկերոջն է ներկայացրել մեր հանրապետությունում հաջողությամբ իրականացված դաբաղի անասնահամաճարակային միջոցառումները եւ դիմել ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությանը՝ հիվանդության հնարավոր ներթափանցումը ՌԴ կանխելու նպատակով 20.01.2016-ից կիրառվող որոշ ապրանքատեսակների արտահանման ժամանակավոր սահմանափակումը վերացնելու առաջարկով:
ՌԴ արտահանման ժամանակավոր սահմանափակումը վերաբերում է դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիներին, դրանցից ստացված մսին եւ կենդանական ծագման հումքին:
Երկու երկրների ծառայությունների ղեկավարները քննարկել են նաեւ ՀՀ եւ ՌԴ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ՍԱՊԾ լաբորատոր կարողությունների («Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի) հզորացման ու վերազինման աշխատանքների ընթացքը՝ ուղղված Հայաստանում կենսաբանական անվտանգության եւ սննդամթերքի անվտանգության ապահովության նոր մակարդակին:




























