Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 8-ին, շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատավարությունը:

Առաջինն այսօր ցուցմունք տվեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի սրտաբան Անուշ Թադեւոսյանը: Նա պատմեց դատարանին, որ 2015թ. հուլիսի 27-ին Մերի Մարգարյանին հետազոտել է, քանի որ «սիրտն արագ էր աշխատում»:

«Շուշանիկ Բախշյանը զանգեց, ասաց, որ չուշանամ, որովհետեւ հղի ունի, որին պետք է հետազոտել: Ես եկել եմ, էլեկտրասրտագրություն արել, նորմալ էր ամեն ինչ: Դե հղիների մոտ այդ ժամանակահատվածում  հաճախասրտությունը նորմալ երեւույթ է, հղիների մոտ այդ սրոկում ամեն ինչ շատ է լինում: Բացի դրանից, կարող էր հաճախասրտությունը լինել նաեւ ջերմության հետեւանքով»,- ասաց Անուշ Թադեւոսյանը:

Սրտաբանը նաեւ Մերի Մարգարյանի թոքերն է հետազոտել, սակայն որեւէ շեղում չի հայտնաբերել:

Դատավոր Դավիթ Բալայանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կան: Ըստ նախաքննական ցուցմունքի` Մերի Մարգարյանի ձախ թոքում եղել է կոշտացում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը դատարանում հետաքրքրվեց` ինչի հետեւանք էր այդ կոշտացումը:

«Մրսածության, ցանկացած վիրուսի դեպքում կարող է կոշտացում լինել: Բայց թոքաբորբ չէր կարող լինել»,- ասաց Անուշ Թադեւոսյանը:

Հաջորդը ցուցմունք տվեց նյարդաբան Գայանե Խաչատրյանը, որը ծննդկանի մոտ ախտորոշել էր արյան զեղում, ինչի հետեւանքով էլ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Հուլիսի 27-ին ինձ հրավիրեցին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Զննման ընթացքում Մերին հարցերին մեծ դժվարությամբ էր պատասխանում, խանգարված էր խոսքը: Ես հայտնաբերեցի ներգանգային ճնշման բարձրացում, այլ բան չեն հայտնաբերել: Փաստը, որ գիտակցականն ու խոսքը խանգարված էր, որոշեցի, որ հնարավոր է արյունազեղում լիներ: Այդ պատճառով որոշեցի, որ նա պետք է բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխվի»,- պատմեց վկան:

Գայանե Խաչատրյանի խոսքով` իրեն այդ օրը ժամը 11:00-ի սահմաններում զանգահարել է բաժանմունքի վարիչը, իսկ ինքը գնացել է ժամը 14:00-ի սահմաններում:

«Ինձ ասացին, որ Մերին ջերմել է, իրենք բոլոր հետազոտություններն արել են, սակայն վաղ առավոտյան սկսել է փսխել եւ իր մոտ այս վիճակներն էին սկսվել»,- ասաց բժշկուհին:

Թե կոնկրետ ինչ էին ախտորոշել «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետները, նյարդաբանը դժվարացավ պատասխանել. նրան միայն ներկա վիճակն են ներկայացրել. «Այն երեւույթները, որոնք ես տեսել եմ, ենթադրել եմ, որ արյունազեղում է»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին` բավարար էր արդյոք բժշկուհու հետազոտման այդ տարբերակը ախտորոշում անելու համար, Գայանե Խաչատրյանը պատասխանեց, որ նախնականի համար այո, բայց վերջնականի համար հարկավոր էր հետազոտություն բազմապրոֆիլային հիվանդանոցում: Փաստաբանի մյուս հարցին` Մերի Մարգարյանի մոտ փսխումը, ջերմության իջեցումը կարող էր այլ բորբոքային պրոցեսի մասին ահազանգել, բժշկուհին կրկին հիշեցրեց` ինքը հարցականով է գրել արյունազեղումը, վերջնական եզրակացություն տալու համար անհրաժեշտ էր գլխուղեղի ԿՏ հետազոտություն անել: Մարինե Թովմասյանի դիտարկմանը` միգուցե ծննդալուծումից հետո կատարվեր այդ ԿՏ հետազոտությունը` վկան նշեց, որ դա իր իրավասության դաշտում չէ, ինքն այլ մասնագետ է:

Նշենք, որ ծննդկանի մոտ արյան զեղումը չի հաստատվել: Սրա վերաբերյալ Գայանե Խաչատրյանը նշեց, որ եթե տեղափոխում են բազմապրոֆիլային հիվանդանոց, ենթադրվում էր, որ կրկնակի նյարդաբանի հետազոտություն պետք է լիներ:

«Ես հարցականով տվել եմ ամենահավանական ախտորոշումը, մնացածը պետք է ցույց տար ԿՏ հետազոտությունը»,- ընդգծեց նյարդաբանը:

Այսօր շարունակում են ցուցմունք են տալ Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Նշենք, որ ծննդկանի եւ նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: