ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու մանդատից:
«Քանի որ գործող պատգամավոր եմ, լրացուցիչ տեղյակ եմ պահել ԱԺ նախագահին, որ մնում եմ պատգամավոր, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմում եմ ներկայացրել, որ հրաժարվում եմ մանդատից»,- այսօր՝ նոյեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Մանդատ ստանալուց հրաժարվել են բոլոր 3՝ «Հայկական վերածնունդ», ԲՀԿ, ԳԱԼԱ քաղաքական ուժերի անդամները: Մենք փաստաթուղթ ենք ստորագրել, որ հրաժարվում ենք, ոչ թե գնացել մանդատ ենք ստացել, բոյկոտել ենք, այլ հրաժարվել ենք մանդատ ստանալուց»,-ասաց նա:
Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենք դիմել են Սահմանադրական դատարան, որի որոշումից հետո, երբ գողացված մանդատները հետ վերադարձվեն, պարզ կլինի՝ ինչ տեղի կունենա, ով կգլխավորի Գյումրու ավագանու ՀՎԿ ցուցակը:
Պատգամավորի խոսքով, ըստ ՀՀ ՏԻՄ օրենքի՝ Գյումրին այսօրվա դրությամբ քաղաքապետ չունի. «Մենք քաղաքապետին չենք ընդունում, որովհետեւ առանց ընտրության ինքն իրեն հռչակել է քաղաքապետ: Պարզ է, որ դաշինքի թեկնածուն պետք է փակ, գաղտնի ընտրությամբ ընտրվի քաղաքապետ, բայց ամսի 10-ին հռչակվել է Գյումրիի քաղաքապետ, առանց որեւէ քվեարկության: Այս ամենի վերաբերյալ 3 քաղաքական ուժով դիմելու ենք սահմանադրական դատարան», - ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղթահարելով անցողիկ շեմը ստացել է ավագանու անդամի 4 մանդատ, որոնցից մեկը կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանինն է: Սակայն, պատգամավորի եւ ավագանու անդամի պաշտոններն օրենքով անհամատեղելի են: Համաձայն ՀՀ Սահմանադրության (Հոդված 65) եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի (Հոդված 9.1)՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում շեշտվում է, որ համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում:




























