Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել է չխզել ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը, սակայն համատեղ ռազմական միջոցառումների թիվը կպակասի: Այս մասին ասել է Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա ասել է, որ Ֆիլիպինների հետ ԱՄՆ դաշնակցային հարաբերությունները, այդ թվում՝ երկրում ամերիկացի զինվորականների ներկայության մասին 2014-ի համաձայնագիրը չեն խզվի:

«Դրանք ուժի մեջ կմնան: Դրանք չեն խզվի, բայց մենք կկրճատենք միջոցառումների թիվը»,- մեջբերում է նախարարի խոսքը Reuters-ը:

Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը հայտարարել էր, որ երկիրը 2 տարում կազատվի օտարերկրյա ռազմական ներկայությունից: ԱՄՆ-ը եւ Ֆիլիպինները կանոնավոր կերպով համատեղ զորավարժություններ էին անցկացնում: Ֆիլիպինները համարվում էր ԱՄՆ դաշնակիցներից մեկը տարածաշրջանում: