Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Կալիֆոռնիայում աջակցում է հայամետ սենատոր Բարբարա Բոքսերի թեկնածությունը:
Օբաման գլխավորել է Լոս Անջելեսում անցկացվող սենատոր Բարբարա Բոքսերի նախընտրական արշավը, որից հետո մեկնելու է Նեւադա` մասնակցելու Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդի նախընտրական արշավին:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, հասարակական կարծիքի հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Բոքսերը չնչին առավելություն ունի «Hewlett-Packard» տեխնոլոգիական հսկայի նախկին գործադիր տնօրեն Քարլի Ֆիորինայի նկատմամբ, իսկ սենատոր Ռիդին ընտրողների կողմից աջակցության վերաբերյալ վիճակագրական տվյալները գրեթե հավասար են նահանգի նախկին օրենսդիր Շարոն Էնգլին աջակցող ընտրողների տվյալներին: Վերջինիս մեծ աջակցություն է ցուցաբերում պահպանողական «Թեյի կուսակցություն» շարժումը:
Հիշեցնենք, որ Բարբարա Բոքսերը օրեր առաջ ամերիկյան Սենատում արգելափակել է Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:





























