ԱՄՆ ընտրություններում ԵԱՀԿ դիտորդին հեռացնելու են առաքելության կազմից՝ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցելու համար, հայտնում է Sputnik գործակալությունը։

Խոսքը Հունաստանի ներկայացուցիչ Պանայոտիս Արկումանեասի մասին է, որը մինչ այդ իր Twitter միկրոբլոգում հրապարակել էր նորություն այն մասին , որ ՀԴԲ-ն պատասխանատվության չի կանչելու Քլինթոնին «փոստային սկանդալի» կապակցությամբ։ Հղումին նա կցել էր նաեւ իր մեկնաբանությունը «Դա պետք է որ վերջնական աջակցություն ապահովի Քլինթոնին։ Հրաշալի նորություն»։

ԵԱՀԿ ներկայացուցիչ Լաուրեն Բրանովսկան հաստատել է , որ ԵԱՀԿ առաքելության ղեկավարը տեղեկացված է այդ դեպքի մասին ու հույն դիտորդի հանդեպ կիրառվելու են կազմակերպության «Վարքագծային կոդեքսի» դրույթները։ «Այս պահին նա այլեւս դիտորդ չէ։ Նրա տեսակետը հաշվի չի առնվելու մեր հաշվետվությունում»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը։