ԱՄՆ արտաքին քաղաքականության զարգացմամբ եւ ներքին քաղաքականության մարտահրավերներով կուսակցականացված ինստիտուտներ չեն զբաղվում եւ այդ պատճառով էլ նոր նախագահի ընտրությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում էական զարգացումներ չեն սպասվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Թրամփի նախագահ ընտրվելով Հայաստան-ԱՄՆ, Ռուսաստան-ԱՄՆ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում էական փոփոխություններ չեն սպասվում: Կարծում եմ, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը կշարունակվի էլ ավելի լավ հունով, որը կապ չունի նախագահի ընտրության հետ, քանի որ ԱՄՆ-ում արտաքին քաղաքականության եւ ներքին մարտահրավերների հետ կապված կանխատեսումների, ռազմավարության եւ պլանավորման ուղղությամբ հստակ ինստիտուտներ են աշխատում, այսինքն՝ փոփոխություններն անձերով պայմանավորված չեն, այլ՝ ԱՄՆ շահերով: Շատ ակնհայտ է, որ ԱՄՆ շահերը, թե արտաքին քաղաքականության, թե ներքին մարտահրավերների առումով փոփոխության գրեթե չեն ենթարկվում: Շատ պարզ է, որ այդ ինստիտուտները, որոնք զբաղվում են ԱՄՆ արտաքին քաղաքականության զարգացմամբ եւ ներքին քաղաքականության մարտահրավերներով, կուսակցականացված ինստիտուտներ չեն»,-ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ԱՄՆ-ում հաղթեց դեմոկրատիան. «Այսպիսի ասացվածք կա՝ ԱՄՆ-ում քաղաքական գործընթացը միշտ լինում է խիստ կանխատեսելի, իսկ արդյունքները՝ ոչ: Ճիշտ հակառակն է նախկին Խորհրդային Միության տարածքում՝ պրոցեսն անկանխատեսելի է, բայց ելքը՝ կանխատեսելի»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը՝ ըստանալով ընտրական կոլեգիայի անդամների 276-ի աջակցությունը՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում:




























